Maletti Talks-ի յոթերորդ էպիզոդի հյուրն է մանկական հոգեբան Տաթև Աբրահամյանը: Այս թողարկումը բացահայտում է դեռահասության բարդ ու զգայուն աշխարհը, որտեղ յուրաքանչյուր խոսք և վերաբերմունք կարող է վճռորոշ լինել երեխայի ապագա ինքնագնահատականի համար:
Քննարկվող հիմնական թեմաները․
- Բուլինգի հոգեբանական հայելին․ Հետաքրքիր է, որ թե՛ բուլինգի ենթարկողը, թե՛ ենթարկվողը հաճախ ունենում են նույն խնդիրը՝ ցածր ինքնագնահատականը: Տարբերվում են միայն արձագանքման ձևերը․ մեկը նեղացնում է՝ իր ներքին ցավը քողարկելու համար, մյուսը՝ նեղվում է: Ինքնաբավ երեխաները սովորաբար կարիք չեն ունենում որևէ մեկին ճնշելու:
- Պատրաստվել դեռահասությանը նախապես․ Մարմնի փոփոխությունները՝ ձայնի փոփոխությունից մինչև դեմքի մաշկի խնդիրներ, չպետք է անակնկալ լինեն երեխայի համար: Երբ ծնողը կամ մասնագետը նախապես բացատրում են, որ դա բնական գործընթաց է, դեռահասը շատ ավելի հանգիստ է հաղթահարում այդ փուլը:
- Ծնողի խոսքի ուժն ու վտանգը․ Դեռահասը նման է «պայթուցիկի», և ծնողի յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է լինել այդ պայթյունի կայծը: Հատկապես քաշի և արտաքինի մասին նույնիսկ դրական թվացող մեկնաբանություններըՇերբեմն կարող են հանգեցնել լուրջ խնդիրների, օրինակ՝ նյարդային բուլիմիայի զարգացման:
- Մի՛ ուշացրեք այցը մասնագետին․ Պետք չէ սպասել մինչև իրավիճակը դառնա օրհասական: Հատկապես, երբ դեռահասն ինքն է հայտնում մասնագետի կարիք ունենալու մասին, ծնողը պետք է լսի նրան: Խորհրդատվությունը երբեք ավելորդ չի լինում և կարող է կանխել բազմաթիվ բարդություններ:
Դիտե՛ք այս թողարկումը՝ հասկանալու համար ձեր երեխայի ներաշխարհը և կառուցելու վստահելի հարաբերություններ նրա հետ: